Գետերը երկրի մակերևույթի որոշակի հունով հոսող բնական ջրահոսքերն են: Դրանք մեծ և կենսական նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերը մեր մոլորակի «երակներն» են. քաղցրահամ ջուր են տալիս բնակավայրերին, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը (ոռոգման և ջրարբիացման համար), նրանցով կատարվում է նավարկություն, լաստառաքում և այլն: Գետերը նաև ձկնորսության և հանգստի գոտիներ են: XIX դարից սկսած՝ գետերի ջուրն օգտագործվում է նաև էներգետիկ նպատակներով: Դրանց վրա կառուցված են բազմաթիվ ջրատեխնիկական կառույցներ (ջրէկներ, ջրանցքներ, ջրամբարներ): Գետը կյանքի միջավայր է. այստեղ ապրում են թե՜ բուսական և թե՜ կենդանական օրգանիզմներ: Գետերում ապրող օրգանիզմները հարմարվել են ջրի շարժմանը, նստվածքագոյացմանը, մակարդակի տատանումներին և բաժանվում են 3 խմբի՝ բենթոս (հատակում ապրողներ), պլանկտոն (ջրում պասսիվ շարժվողներ) և նեկտոն (լողալու հարմարանքով օժտված օրգանիզմներ): Գետը սկիզբ է առնում ակունքից: Այն կարող է լինել աղբյուր, լիճ, սառցադաշտ: Ակունքից հոսող առվակն աստիճանաբար մեծանում է` աջից ու ձախից ընդունելով բազմաթիվ գետեր ու առվակներ, դառնում լայն ու ջրառատ: Այն բոլոր գետերն ու առվակները, որ թափվում են գլխավոր գետի մեջ, կոչվում են վտակներ: Գետը բոլոր վտակների հետ միասին առաջացնում է գետային ցանց, իսկ այն տարածքը, որտեղից գետը հավաքում է իր ջրերը, կոչվում է ջրհավաք ավազան: Աշխարհում ամենամեծ ջրհավաք ավազանն ունի Ամազոն գետը (7 մլն կմ2): Այն տեղը, որտեղ գետը միախառնվում է այլ ջրային ավազանի (գետ, լիճ, ծով, օվկիանոս), կոչվում է գետաբերան: Գետի հունը այն խորությունն է, որը ձգվում է ակունքից մինչև գետաբերան: Գետերը սնվում են մթնոլորտային տեղումներից, սառցադաշտերից, ձնհալքից, լճերից, ճահիճներից, ստորերկրյա ջրերից: Տարվա որոշակի սեզոնին, երբ ձյունը և սառցադաշտերը հալվում են, կամ լինում են առատ տեղումներ, գետերը վարարում են և դուրս գալիս ափերից՝ ողողելով հովտի ցածրադիր մասը՝ ողողատը: Տեղատարափ անձրևների, ուժեղ ձնհալքի և սառցադաշտերի հալոցքի ժամանակ դրանք երբեմն միլիոնավոր տոննաներով քար ու տիղմ են տանում, երբեմն էլ իրենց ճանապարհին քշում-տանում ամբողջ բնակավայրեր: Մեծ, ջրառատ գետերի ջրերը դեպի ծով են տանում մեծ քանակությամբ տիղմ ու ավազ: Օրինակ՝ հոսելով լյոսից կազմված հարթավայրով՝ Հուանհե գետը հեշտությամբ քշում-տանում է այդ դեղին գույնի նստվածքային ապարը, որի հետևանքով ջրերը պղտորվում և ստանում են դեղին գույն (չինարեն «Հուանհե» նշանակում է «դեղին գետ»): Ստորին հոսանքում այն հոսում է գրեթե ամբողջությամբ իր բերուկներից կազմված հարթավայրով: Բերուկների շնորհիվ գետի հունը տեղանքից բարձր է մինչև 10 մ: Գետաբերանում, երբ գետի հոսքը թուլանում է, տիղմն ու ավազը նստվածք են տալիս, և առաջանում են տղմային կամ ավազային կղզյակներ: Երբեմն գետը բաժանվում է բազմաթիվ բազուկների՝ առաջացնելով դելտա: Դելտա բառը օգտագործվել է՝ նկատի ունենալով Նեղոսի գետաբերանի ձևի նմանությունը հունարեն «դելտա» տառին: Դելտաներից հայտնի են Գանգեսինը (աշխարհում ամենամեծը), Միսիսիպիինը, Վոլգայինը և այլն: Ձագարաձև, խոր գետաբերանները կոչվում են էստուար, օրինակ՝ Ատլանտյան օվկիանոս թափվող գետերի (Թեմզա, Էլբա, Կոնգո, Սուրբ Լավրենտիոս) գետաբերանները: Այդ մասերում լինում են ողողատային մարգագետիններ, որտեղ առատ խոտ է աճում: Հարթավայրային գետերը հոսում են դանդաղ, սահուն, հանդիպելով արգելքների՝ առաջացնում են գալարներ: Միայն կտրուկ ոլորաններում և հորձանուտներում է դրանց հոսքն արագանում: Վարարումների ժամանակ երբեմն այդ գետերը փոխում են իրենց հունը՝ առաջացնելով հնահուներ (հին հուներ): Սրանք շուտով ծածկվում են եղեգնով, ջրաշուշաններով: Այդպես են առաջանում ճահիճները: Լեռնային գետերը, ինչպիսին են հիմնականում ՀՀ գետերը, հոսում են սրընթաց՝ ժայռերի մեջ բացելով խոր հուներ: Գետերն առաջացնում են ընդարձակ հովիտներ և անդնդախոր կիրճեր: Զառիթափ լանջերով հովիտներն անվանում են կանիոններ: Առավել հայտնի է Կոլորադո գետի համանուն կանիոնը ԱՄՆ-ում: Հունը հատող կարծր ապարների ելքերը և քարերի հզոր կուտակումները առաջացնում են սահանքներ: Թափվելով բարձր սանդղավանդից՝ գետն առաջացնում է ջրվեժներ: ՀՀ-ի գետերը հիմնականում հորդանում են գարնանը, սակավաջուր են ամռանը և ձմռանը, հոսքը նորից մեծանում է աշնանը: Խոշոր գետերն են Արաքսը, Ախուրյանը, Որոտանը, Հրազդանը, Դեբեդը: Անապատային և կիսաանապատային շրջաններին բնորոշ են ժամանակավոր հոսք ունեցող գետերը. հոսում են միայն հազվադեպ տեղացող հորդ անձրևներից հետո կամ տարվա խոնավ սեզոնին: Աֆրիկայում դրանք կոչվում են ուեդներ, Ավստրալիայում՝ կրիկներ: Գետերը մեր մեծ հարստությունն են, որ պետք է պահպանել նավթով, տնտեսական և արդյունաբերական թափոններով աղտոտվելուց: Իսկ որպեսզի գետերը ջրառատ լինեն, չպետք է կտրել նրանց ափերին ու ջրբաժաններին աճող ծառերն ու թփերը: Եփրատ, Տիգրիս, Նեղոս, Գանգես և այլ գետերի ափերը հնագույն քաղաքակրթության կենտրոններ են: Ըստ Աստվածաշնչի՝ դրախտի չորս գետերն են Եփրատը, Տիգրիսը, Փիսոնը և Գեհոնը: Այս չորս գետերն էլ սկիզբ են առնում Հայկական բարձրավանդակից: Եփրատ և Տիգրիս անունները մնացել են անփոփոխ, Փիսոնը ներկայիս Ճորոխ գետն է, իսկ Գեհոնը՝ Երասխը (Արաքս): - Աշխարհի ամենաջրառատ գետը Ամազոնն է (երկարությունը` 6437 կմ)` Հարավային Ամերիկայում: Նրան հավասար քանակությամբ ջուր են տանում Կոնգո, Միսիսիպի, Յանցզի և Օբ գետերը միասին վերցրած:
- Հյուսիսային Ամերիկայի խոշոր գետը Միսիսիպին է (հնդկացիների լեզվով նշանակում է մեծ գետ), որն իր Միսուրի վտակի հետ միասին ունի 6420 կմ երկարություն:
- Եվրասիայի խոշոր գետը Յանցզին է (երկարությունը` 6300 կմ): Այն ջրառատ է ամբողջ տարին, իսկ ստորին հոսանքում նավարկում են նույնիսկ օվկիանոսային նավերը:
- Ավստրալիայի խոշոր գետը Մուրեյն է, որն իր Դառլինգ վտակի հետ միասին ունի 3750 կմ երկարություն:
- Հյուսիսային և Հարավային Աֆրիկայում գրեթե բոլոր գետաձիերը ոչընչացվել են: Այժմ նրանց կարելի է հանդիպել միայն Հասարակածային Աֆրիկայում, այն էլ՝ արգելոցներում:
|