Գիրքը ձեռագիր, տպագիր կամ այլ կրիչի վրա գրական- գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական բովանդակությամբ ստեղծագործություն է: Ներկայումս առավել տարածվածը թղթի վրա տպագրված գիրքն է:
Գիրքը կազմված է բնագրից, տիտղոսաթերթից և կազմից. վերջինս երբեմն ունենում է նաև կազմաշապիկ: Տիտղոսաթերթի վրա գրվում են հեղինակի անունը և գրքի վերնագիրը, հրատարակության վայրը և տեսակը, հրատարակչությունը, տպագրության տարեթիվը: Գրքի սկզբնավորումը կապված է գրի ստեղծման հետ, որը մի քանի հազար տարվա պատմություն ունի: Անցյալում բաբելացիները, ասորեստանցիները և այլ հին ժողովուրդներ գրել են հիմնականում կավե սալիկների վրա: Պահպանվել է մ. թ. ա. III հազարամյակում սալիկների վրա գրված գեղարվեստական հնագույն` ասուրա-բաբելական «Գիլգամեշ» դյուցազներգությունը: Այդ եղանակով կազմված գրքերից են ստեղծվել առաջին գրադարանները: Չինաստանում գրել են հնդկեղեգից (բամբուկ) պատրաստված շերտիկների վրա և շարել ամուր թելի վրա: Ավելի ուշ չինացիները գրել են մետաքսի, իսկ մ. թ. II դարից՝ թղթի վրա: Հին Եգիպտոսում նախ գրել են կավե սալիկների, այնուհետև՝ պապիրուսի վրա, որը եղեգի մամլած շերտիկներն իրար սոսնձած մի քանի տասնյակ մետր երկարությամբ ժապավեն էր և պահվում էր գլանաձև փաթաթված: Մ. թ. ա. II դարում Պերգամոն քաղաքում կենդանիների կաշվից պատրաստվել է նոր գրանյութ և քաղաքի անունով կոչվել պերգամենտ: Այն մեզ հայտնի մագաղաթն է: Մագաղաթե ամենահին ձեռագիրը Հոմերոսի «Իլիական» պոեմի՝ III դարում գրված մի հատված է: Մագաղաթը պապիրուսից ավելի ճկուն ու ամուր էր, հեշտությամբ ծալվում էր, իսկ ծալվածքի մասում թերթերը կարվում ու միացվում էին իրար: Միջնադարում մագաղաթե թերթերն ամփոփվում էին կաշեպատ կամ լաթապատ փայտե կազմի մեջ: Գրքի զարգացման և ժողովրդականացման խոշոր ազդակ էր 1447 թ-ին Յոհան Գուտենբերգի տպագրության գյուտը, որով դրվեց գրքի տպագրության հիմքը: Հայաստանում թուղթը՝ որպես գրանյութ, օգտագործվել է VIII–IX դարերում: Տպագրությունը XV դարում զգալիորեն խթանել է գրքի զարգացումն ու տարածումը: Հայերեն առաջին գրքերը` ձեռագիր մատյանները, ստեղծվել են V դարում` հայոց գրի գյուտից հետո: Պահպանված հնագույն ձեռագիր մատյանը VII դարում ստեղծված Վեհամոր Ավետարանն է: Ձեռագիր մատյաններ ստեղծվել են մինչև XVIII դարի վերջը: Թղթի վրա մեզ հասած առաջին ձեռագիր գիրքն ընդօրինակվել է 981 թ-ին: Մինչև 1800 թ. տպագրված գրքերը կոչվում են հնատիպ: Դրանք բազմաբովանդակ են, բայց գերակշռում են կրոնական բնույթի գրքերը: Հրատարակվել են փոքր տպաքանակներով, մեծ մասամբ` կաշեպատ զարդարուն կազմերով: Հայերեն հնատիպ գրքերի թիվը անցնում է 1000-ից: 1801–50 թթ-ին հրատարակվել է մոտ 1700 անուն գիրք: Ներկայումս Հայաստանում և տարբեր երկրներում ամեն տարի լույս են տեսնում հազարավոր հայերեն գրքեր:
|