Կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան ռուս դասական երաժշտության հիմնադիրն է: Նա նախանշել է ռուսական օպերայի զարգացման ուղիները, ստեղծել օպերային դրամատուրգիայի նոր տեսակներ, սկզբնավորել ռուսական վոկալ քնարերգության զարգացման նոր շրջանը:
Միխայիլ Գլինկայի մանկությունն անցել է գյուղական դաստակերտում: Նրա առաջին երաժշտական տպավորությունները կապված են ժողովրդական երգի և ճորտ երաժիշտներից կազմված նվագախմբի ելույթների հետ, որոնց երբեմն մասնակցում էր նաև ինքը՝ ջութակ ու ֆլեյտա նվագելով: Գլինկան 1818–28 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ուսումնարանին կից Ազնըվականների գիշերօթիկում, հետագայում նաև ջութակի, դաշնամուրի, երգեցողության և կոմպոզիցիայի մասնավոր դասեր է առել: 1837–39 թթ-ին եղել է Պալատական երգչախմբի կապելմայստերը: Շփումը Ալեքսանդր Պուշկինի, Ալեքսանդր Գրիբոյեդովի և դեկաբրիստների հետ նպաստել է Գլինկայի ստեղծագործական սկզբունքների ու գեղագիտական հայացքների ձևավորմանը: Նրա «Իվան Սուսանինը» ռուսական առաջին դասական օպերան է, որը բեմադրվել է 1836 թ-ին, Սանկտ Պետերբուրգի Մեծ թատրոնում: Կոմպոզիտորն իր պատմահերոսական օպերայում փառաբանել է հայրենասեր գյուղացուն, ժողովրդի արիությունն ու աննկուն բնավորությունը: Գլինկայի երկրորդ՝ «Ռուսլան և Լյուդմիլա» հեքիաթային-էպիկական օպերան բեմադրվել է 1842 թ-ին: Կոմպոզիտորը էպիկական շունչ է հաղորդել կերպարներին, փիլիսոփայորեն մեկնաբանել բովանդակությունը. օգտագործել է արևելյան մեղեդիներ: Նրա «Վալս-ֆանտազիան» ռուսական սիմֆոնիկ վալսի առաջին դասական օրինակն է: Գլինկան գրել է նաև ռոմանսներ Ա. Պուշկինի և ուրիշների խոսքերով, ստեղծել շուրջ 80 երկ՝ ձայնի և դաշնամուրի համար (երգեր, մեներգեր և այլն): Գլինկայի «Իսպանական նախերգանքները» («Արագոնյան խոտա», «Գիշերը Մադրիդում») սկզբնավորել են իսպանական ֆոլկլորի մշակումը համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության մեջ: Նրա սիմֆոնիկ ստեղծագործությունները ռուսական դասական սիմֆոնիզմի համար ունեցել են հիմնարար նշանակություն: Նշանավոր են նաև Նեստոր Կուկոլնիկի «Իշխան Խոլմսկի» ողբերգության համար գրած երաժշտությունը, գործիքային անսամբլները և այլն: Կոմպոզիտորի արվեստն իր գաղափարական խորությամբ, գեղարվեստական ընդհանրացման մեծ ուժով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ ազգային առաջադեմ արվեստի փայլուն արտահայտությունն է: Գլինկայի «Իվան Սուսանին» օպերան 1942 թ-ին բեմադրվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում: Գլինկայի անունով Երևանում կոչվել է փողոց:
|