Գլխուղեղը կենդանիների մեծամասնության և մարդու մարմնի կարևորագույն օրգանն է: Գլխուղեղը հսկում է նրանց վարքագիծը և գիտակցական գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար ազդակներից: Հասուն մարդու գլխուղեղի քաշը 1200–1400 գ է՝ մարմնի քաշի 1/40 մասը, նորածնինը՝ 350 գ՝ 1/8–1/10 մասը: Այն վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում: Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր), միջանկյալ ուղեղից (տեսաթմբեր, ենթատեսաթումբ, հետտեսաթումբ, մակատեսաթումբ), միջին ուղեղից (ուղեղի կոթոններ և քառաբլուրներ), հետին ուղեղից (ուղեղիկ, կամուրջ) և երկարավուն ուղեղից: Կիսագնդերի մակերևույթը կազմված է գորշ նյութի 5 մմ հաստության շերտից, որը կոչվում է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղև: Այն բաղկացած է տարբեր չափերի և ֆունկցիոնալ նշանակության նյարդաբջիջներից (դրանք 14 մլրդ են): Գլխուղեղը բաժանվում է 4 հիմնական՝ ճակատային, գագաթնային, քունքային, ծոծրակային, և 1 հավելյալ բլթերի: Կեղևի տակ գտնվում է սպիտակ նյութը, որը կազմված է տարբեր ուղղություններով տարածված բազմաթիվ նյարդաթելերից: Գլխուղեղը ծածկված է ուղեղապատյաններով (կարծրենի, ոստայնենի, նրբենի), որոնք իրարից բաժանված են ճեղքանման տարածություններով: Գլխուղեղում կա 4 խոռոչ՝ ուղեղի փորոքներ, որոնք լցված են ուղեղ-ողնուղեղային հեղուկով: Կենդանիների գլխուղեղը փոքր է, ձկներինը՝ երբեմն ցորենահատիկի չափ: Կատուների, շների, կապիկների գլխուղեղը շատ ավելի մեծ է:
Տեղեկության վերամշակումը և գործողությունների ղեկավարումը Նյարդային բջիջներն ընկալում են մարդուն հասնող ազդանշանները. բջիջների մի մասն ընկալում է տեսողական ազդանշանները, մյուսները՝ ձայնը, երրորդները՝ հպումները մաշկին: Կան հատուկ բջիջներ, որոնք «հրամաններ են տալիս» ձեռքերին ու ոտքերին: Նյարդային բջիջներն ունեն փոքրիկ ելուստներ, որոնցից դուրս են գալիս սարդոստայնի թելիկների նման նուրբ նյարդաթելեր: Սրանց մի մասը նյարդային բջջին տեղեկություններ է բերում աչքերից, ականջներից, ոտքերից, ձեռքերից, մյուսները գլխուղեղի «հրամանները» հասցնում են մկաններին: Բոլոր նյարդային բջիջների ֆունկցիաները փոխկապակցված են. մի բջջում ծագած գրգիռն ամենանուրբ փոքրիկ «սարքերի»՝ սինապսների միջոցով հաղորդվում է մյուսներին: Յուրաքանչյուր այդպիսի «սարք» հատուկ քիմիական նյութեր արտադրող բարդ «ֆաբրիկա» է հիշեցնում, իսկ այդ նյութերը հնարավորություն են տալիս գրգիռը մի նյարդային բջջից հաղորդել մյուսին: Մարդու գլխուղեղում կան նաև տարբեր տեսակի բջիջները միմյանց կապող նյարդաբջիջներ: Դրանք առանձնապես շատ են և նման են մանրագույն աստղիկների: Այդ բջիջներն ապահովում են ամբողջ գլխուղեղի ներդաշնակ աշխատանքը: Նրանց շնորհիվ է, որ մարդն ընդունակ է մտածելու և զգալու: Գլխուղեղի խորքում եղած բջիջների կուտակն անվանում են գլխուղեղի բուն: Այդ բջիջները գլխուղեղը լիցքավորում են էներգիայով, ապահովում նրա արթուն վիճակը: Երբ գլխուղեղի այդ բաժինները դադարում են աշխատել, մարդը քնում է: Գլխուղեղի հետին բաժինները (ծոծրակային, քունքային և գագաթնային մասերը) շատ բարդ «սարքեր» են, դրանցով մարդն ազդանշաններ է ստանում արտաքին աշխարհից, վերամշակում դրանք և պահպանում դրանց հետքերը: Գլխուղեղի առջևի բաժինները (ճակատային մասերը) կազմակերպում են մարդու բոլոր շարժումներն ու գործողությունները, նրան հնարավորություն տալիս իրականացնելու իր մտահղացումները: Թեպետ մարդու գլխուղեղի ձախ և աջ կիսագնդերն արտաքինից միանման են, բայց նրանք տարբեր աշխատանք են կատարում: Մարդկանց մեծ մասի համար ավելի կարևոր է ձախ կիսագունդը: Եթե ձախ կիսագնդի աշխատանքը խախտվի, մարդը չի կարողանա ո՜չ խոսել, ո՜չ էլ ընկալել ուրիշի խոսքը: Մարդու գլխուղեղն աշխարհում գոյություն ունեցող «սարքերից» ամենաբարդն է ու ամենակատարյալը: Գիտնականները բացահայտել են գլխուղեղի բազմաթիվ գաղտնիքներ: Բայց մարդկային ուղեղի կառուցվածքի և աշխատանքի շատ առեղծվածներ դեռ սպասում են իրենց հետազոտողներին:
|