Գոմեշները ցուլերի հետ կազմում են երկկճղակավորների կարգի սնամեջ եղջյուրավորների ընտանիքի բովինե հատուկ ենթաընտանիքը: Գոյություն ունեն վայրի և ընտանի տեսակներ: Ունեն խոշոր, ծանր մարմին, կարճ պարանոց, հաստ ու ամուր ոտքեր և մեծ գլուխ: Պոչը երկար է, ծայրամասում՝ վրձնաձև մազափնջով: Մազածածկը կարճ է և նոսր, տարիքի հետ աստիճանաբար անհետանում է: Վայրի գոմեշները նախիրներով տարածված են Ասիայում և Աֆրիկայում: Սնվում են խոտաբույսերով: Հայտնի է 3 սեռի 4 տեսակ: Ասիական գոմեշների սեռին է պատկանում հնդկական (ջրային) գոմեշը կամ արնին: Մնդավի (պարանոցից մինչև ոտքերի ծայրը) բարձրությունը հասնում է 180 սմ-ի, կենդանի քաշը՝ 1000 կգ-ի, եղջյուրների երկարությունը՝ 2 մ-ի: Հիմնականում սև են: Ապրում են Հնդկաստանի, Հնդկաչինի և Շրի Լանկայի խոնավ, ճահճոտ անտառներում, գետերի ու ջրամբարների առափնյա շրջաններում: Հնդկական գոմեշներից շատ քիչ է պահպանվել: Ֆիլիպինյան գոմեշները տարբերվում են մարմնի ավելի փոքր չափերով: Տարածված են Ֆիլիպինների Մինդարո կղզում: Անոա գոմեշները տարածված են Սուլևեսի կղզում (Ինդոնեզիայի տարածքում): Աֆրիկական կամ կաֆերյան գոմեշները բնակվում են Սահարա անապատից հարավ ընկած շրջանների անտառատափաստաններում և հարթավայրերում: Շատ որսորդներ վայրի գոմեշին համարում են ամենավտանգավոր կենդանիներից մեկը: Ընտանի գոմեշներ բուծում են Հարավային Ասիայում, Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում: ՀՀ-ում հայտնի է ասիական գոմեշի ընտանի տեսակը, որը սահմանափակ քանակությամբ հանդիպում է Արարատի և Արմավիրի մարզերի, ինչպես նաև ԼՂՀ գյուղացիական տնտեսություններում: Ընտանի գոմեշները խոշոր են. մնդավի բարձրությունը 125– 130 (երբեմն՝ մինչև 160–180) սմ է, մարմնի երկարությունը՝ 135 սմ, կրծքի փաթը՝ 190 սմ: Արուների կենդանի զանգվածը հասնում է 700 կգ-ի, էգերինը՝ 450– 600 կգ-ի: Հիմնականում սև են, երբեմն՝ մուգ գորշագույն, մուգ մոխրագույն: Ընտանի գոմեշները տնտեսություններում օգտագործվում են մինչև 20–30 տարեկանը՝ գլխավորապես որպես կաթնատու, ինչպես նաև բանող կենդանիներ: Գոմեշի կաթն աչքի է ընկնում բարձր յուղայնությամբ, դրանից ստանում են բարձրորակ յուղ, պանիր, մածուն: Յակը կամ տիբեթյան ցուլը ցուլերի ենթաընտանիքի որոճող կաթնասուն է: Վայրի յակերը պահպանվել են միայն Տիբեթում (բարձրլեռնային շրջան Կենտրոնական Ասիայում): Խոշոր կենդանիներ են. մնդավի բարձրությունը հասնում է մոտ 2 մ-ի, կենդանի զանգվածը՝ մինչև 1 տ-ի: Ունեն ամուր մարմնակազմվածք, վերջույթները և պարանոցը կարճ են, եղջյուրները՝ զարգացած: Պարանոցի ստորին, վերջույթների վերին հատվածները, և որովայնը պատված են մինչև 50 սմ երկարության կոպիտ, հաճախ գորշ՝ գրեթե սև մազածածկով: Մնդավի մասում ունեն նկատելի սապատ: Սնվում են խոտանման բույսերով: Յակի համար ամենատհաճը շոգն է: Նույնիսկ ձյունապատ սարալանջերին նա ստվեր է փնտրում: Նա հուսալի փոխադրամիջոց է. կարող է փոխադրել մինչև 140 կգ բեռ: Ընտանի յակեր բուծում են Չինաստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի լեռնային շրջաններում: Արուների կենդանի զանգվածը հասնում է 350–450 կգ-ի, էգերինը՝ 270–300 կգ-ի: Մազածածկը արծաթավուն է: Յակերը տալիս են բարձրորակ կաթ, բուրդ, միս:
|