Ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, մանկավարժ, ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արմեն Գուլակյանն առաջիններից է հայ թատրոնում նորովի բացահայտել ազգային բնավորություններն ու կենցաղը. նույն արտահայտչամիջոցներն օգտագործել է «Պեպո» կինոնկարում, որի համառեժիսորն է և Դուդուլիի դերակատարը:
Արմեն Գուլակյանը 1921 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1919 թ-ին սովորել է Օվի Սևումյանի, 1919–25 թթ-ին` Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիաներում, հաճախել է նաև Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը: 1918 թ-ից Թիֆլիսում մասնակցել է Զուբալովի Ժողովրդական տան դրամատիկական խմբի ներկայացումներին: 1926 թ-ին Դիլիջանում կազմակերպել է «Կապույտ բաճկոններ» թատրոնը: 1927–60 թթ-ին, տարբեր տարիների, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան, Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնների գլխավոր ռեժիսորն էր: 1944–60 թթ-ին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Գուլակյանի առաջին բեմադրություններից են Սունդուկյանի «Խաթաբալան», «Պեպոն», Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթը», Պիեռ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը»: Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Անատոլի Գլեբովի «Ինգա», Եվգենի Յանովսկու «Ցասում», Վաղարշ Վաղարշյանի «Օղակում», Ալեքսանդր Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Գրիգոր Տեր-Գրիգորյանի և Լևոն Ղարագյոզյանի «Այս աստղերը մերն են» պիեսները. կերպարների հոգեվիճակները ներկայացված են ապրումների ճշմարիտ վերարտադրությամբ: Նրա բեմադրությամբ ողբերգական հնչողություն են ստացել Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ», հոգեբանական խորություն՝ Սունդուկյանի «Քանդած օջախ» պիեսները, սոցիալ-փիլիսոփայական ենթատեքստի բացահայտումով է բեմադրվել «Պեպոն»: Մոնումենտալ ընդհանրացումների ձգտումը դրսևորվել է Գուլակյանի օպերային բեմադրություններում՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ», Ժորժ Բիզեի «Կարմեն», Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Օթելլո», Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին», Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ», Շառլ Գունոյի «Ֆաուստ», Հարո Ստեփանյանի «Լուսաբացին» և այլն: Գուլակյանի ստեղծագործական կյանքի վերջին շրջանում առանձնանում են Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» և Լև Տոլստոյի «Կենդանի դիակ» պիեսների բեմադրությունները Սունդուկյանի անվան թատրոնում: Արմեն Գուլակյանը գրել է «Արշալույսին» (1937 թ.), «Մեծ բարեկամություն» (1939 թ.), «Գանձ» (1940 թ.), «Ցասում» (1942 թ.), «Օրեր, մարդիկ անմոռաց» (1957 թ.) պիեսները: Գուլակյանի անունով Երևանում կոչվել է փողոց:
|