ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Պետական մրցանակների դափնեկիր Օլգա Գուլազյանը բնութագրական դերերի խոշոր վարպետներից է հայ թատրոնում:
Օլգա Գուլազյանն ավարտել է Թիֆլիսի Խարփուխ թաղի ծխական դպրոցը: Նրա տեսած թատերական առաջին միջոցառումները նույն թաղի արհեստավորների կազմակերպած ներկայացումներն էին: Կայտառ, թեթևաքայլ, ձայնային հարուստ տվյալներով աղջնակը գրավել է սիրողական թատերախմբի դերասանների ուշադրությունը, և նրան հանձնարարել են փոքր տղաների ու աղջիկների դերեր: Գուլազյանը դրամատիկական ընկերության թատերախումբ ընդունվել է Սիրանույշի երաշխավորությամբ, երբ ընդամենը 16 տարեկան էր: Առաջին դերը Նատոն էր՝ Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսում, որն արժանացել է հեղինակի խրախուսանքին: Ապա մասնակցել է Թիֆլիսի մի շարք թատերախմբերի ներկայացումներին, հյուրախաղերով հանդես է եկել Բաքվում, Կոստանդնուպոլսում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Շուշիում, Գանձակում, Նոր Նախիջևանում, Երևանում և այլուր: Գուլազյանի արվեստը ձևավորվել է Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի, Օլգա Մայսուրյանի և այլ վարպետների հետ համատեղ աշխատանքում: Առաջին նշանակալի հաջողությունը Գայանեի դերակատարումն էր (Ալեքսանդր Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»): 1921–26 թթ-ին խաղացել է Թիֆլիսի հայկական թատրոնում. լավագույն դերը Լաուրենսիան էր (Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուրը»): 1926 թ-ին տեղափոխվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոն), որտեղ ստեղծագործել է մինչև կյանքի վերջը, կատարելագործել իր դերասանական վարպետությունը: Հայ, ռուս, արևմտաեվրոպական դասական ու ժամանակակից պիեսներում խաղացել է ավելի քան 300 դեր: Գուլազյանի խաղն աչքի է ընկել նուրբ ոճավորմամբ, ներքին թեթևությամբ ու պլաստիկայով: Լավագույն դերակատարումներից հատկապես ուշագրավ են Կուկուշկինան (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Քսենյան (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները»), Նատալյան, Սալոմեն (Գ. Սունդուկյանի «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ»), Տատիկը (Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում») և այլն: Գուլազյանի վերջին դերը Մեծ մայրն էր (Արչիբալդ Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»): Նկարահանվել է «Զարե» (1926 թ.), «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955 թ.), «Առաջին սիրո երգը» (1958 թ.) հայկական կինոնկարներում: Գուլազյանը գրել է նաև «Հուշեր» գիրքը, որը հարուստ է հայ թատրոնին վերաբերող կարևոր տեղեկություններով:
|