Գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի ստեղծագործությամբ է սկզբնավորվել ռուսական ռեալիստական դրամատուրգիան: Նա առաջինն է, որ իր «Խելքից պատուհաս» դրամայում հանգուցալուծումն ու գործողությունների ողջ ընթացքը պայմանավորել է ոչ միայն կերպարների բնավորություններով ու կրքերով, այլև նրանց աշխարհայացքով:
Ալեքսանդր Գրիբոյեդովը 1810 թ-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները: Ուսանողական տարիներին շփվել է ապագա դեկաբրիստների (1825 թ-ի դեկտեմբերին ինքնակալության դեմ ապստամբած ռուս հեղափոխականներ) հետ: 1815 թ-ին բեմադրել և հրատարակել է իր առաջին գործը` «Երիտասարդ ամուսիններ» կատակերգությունը: 1818 թ-ին նշանակվել է ռուսական դիվանագիտական առաքելության քարտուղար Պարսկաստանում: 1822 թ-ին Թիֆլիսում եղել է ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական գրասենյակի քարտուղար: Այստեղ էլ սկսել է գրել «Խելքից պատուհաս» կատակերգությունը, որն ավարտել է 1824 թ-ին, Սանկտ Պետերբուրգում: 1825 թ-ին, վերադառնալով Կովկաս, Գրիբոյեդովն աշխատել է «1812 թվականը» դրամայի վրա, որից միայն հատվածներ են պահպանվել: Դեկաբրիստների ապստամբության պարտությունից հետո նրան ձերբակալել են, սակայն, բավարար մեղադրական նյութեր չունենալով, ազատել: 1828 թ-ին մասնակցել է Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը, ապա նշանակվել դեսպան Պարսկաստանում: Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ կետով, որը մտցվել է Գրիբոյեդովի ջանքերով, պարսկահայերին թույլատրվել է վերադառնալ հայրենիք: 50 հզ. պարսկահայեր, ըստ այդ պայմանագրի, ներգաղթել են Հայաստան: 1829 թ-ին, վախենալով Պարսկաստանում ռուսական ազդեցությունից, պարսկական իշխանությունների հրահրմամբ խառնամբոխը հարձակվել է դեսպանատան վրա, սպանել դեսպանատան աշխատակիցներին ու դեսպանին: Գրիբոյեդովի դին Հայաստանով տեղափոխել են Թիֆլիս. ճանապարհին՝ Դվալի (այժմ` Պուշկինի) լեռնանցքում, Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է նրանց: Հետագայում այնտեղ կանգնեցվել է աղբյուր-հուշարձան: Գրիբոյեդովի ողբերգական մահվան առիթով Էջմիածնի Մայր տաճարում հոգեհանգստի պատարագ է մատուցվել: Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունում (գրաքննության արգելքի պատճառով տարածվել է ձեռագիր և մեծ արձագանք գտել գրական շրջանակներում) արծարծված են ռուսական կյանքի սոցիալ-քաղաքական խնդիրները, որոնք ավելի սրվել էին 1812–24 թթ-ին: Նկարագրելով Մոսկվայի ազնվականական միջավայրը՝ Գրիբոյեդովն ստեղծել է բնավորությունների մի ամբողջ պատկերասրահ: Կատակերգությունում հիմնական բախումը պահպանողական ազնվականության և առաջադեմ մտավորականության միջև է. ընդհարվում են մտածող մարդը և սահմանափակ մտածելակերպով շրջապատը, ու թեև պարտվում է բարձր բարոյականությամբ մտավորականը, սակայն հանդիսատեսը հավատում է գլխավոր հերոսի` Չացկու հաղթանակին: Կատակերգությունը թարգմանվել է հայերեն և բազմիցս բեմադրվել հայ թատրոններում: Գրիբոյեդովը քաջածանոթ էր հայ ժողովրդին և հայոց պատմությանը: Պահպանվել է նրա «Ռոդամիստ և Զենոբիա» ողբերգության պլանը, ըստ որի` գործողությունը կատարվում է Հայաստանում և Վրաստանում: 1819 թ-ի փետրվարին եղել է Երևանում, ծանոթացել երկրի և ժողովրդի կացությանը, այցելել Էջմիածնի վանք, մատենադարան, տպարան, դպրոց: Լինելով Իվան Պասկևիչի բանակի դիվանագիտական գրասենյակի ղեկավարը՝ մասնակցել է Երևանի, Սարդարապատի, Նախիջևանի ազատագրմանը, պարգևատրվել «Երևանի գրավման համար» մեդալով: Գրիբոյեդովի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց, կանգնեցվել է նրա հուշարձանը:
|