Среда, 25.06.2025, 19:40Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գրիգոր Տաթևացի
17:21
Գրիգոր Տաթևացի
Աստվածաբան, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, րաբունապետ 
Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից: Գրիգոր Տաթևացուն ժամանակակիցները 
մեծարել են Եռամեծ վարդապետ, Երկրորդ Լուսավորիչ հայոց և 
աստվածաբան, Սյուն և ախոյան Հայ եկեղեցու, Վարժապետ ամենայն հայոց և այլ պատվանուններով: 

Գրիգոր Տաթևացին (աշխարհական անունը՝ Խութլուշահ) սովորել է Տաթևի վանքում, աշակերտել մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի բարձրագույն դպրոցները, վարել փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ: Դասախոսել է Մեծոփավանքի  և Սաղմոսավանքի դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների (միարարներ) դեմ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը: 
Տաթևացին 1390 թ-ին հաստատվել է Տաթևում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակել իր գիտամանկավարժական գործունեությունը: Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն: Տաթևացու 300-ից ավելի աշակերտները նշանակալի դեր են խաղացել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում: Իր մանկավարժական հայացքները Տաթևացին ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատության մեջ, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:
Տաթևացին գրել է նաև մեկնություններ, լուծմունքներ, քարոզներ, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ: Առավել կարևոր են «Գիրք հարցմանց» ու «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված ոչ միայն ժամանակի գիտության և կյանքի ամենաբազմազան խնդիրներին վերաբերող տեղեկություններ, այլև հայ դավանաբանական մտքի դարավոր ձեռքբերումները: Իր տեսակի մեջ բացառիկ է նաև «Քարոզգիրքը»՝ «Ձմեռան» և «Ամառան» հատորներով, որը եղել է քարոզխոսության, հռետորական արվեստի դասագիրք, որտեղ կարևորվել է քարոզը:
Տաթևացին փիլիսոփայության մեջ պաշտպանել է երկակի աստվածային էությունների և բնության ճանաչման ճշմարտության սկզբունքը, սահմանազատել հավատի ու գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները: Նրա կարծիքով՝ Աստծու ստեղծած 4 տարրերը՝ հուրը, օդը, ջուրը և հողը, հավերժ են: Որոշ գոյերի ոչնչացումն ուրիշ գոյերի առաջացման սկիզբն է, իսկ տարրերը հավերժ են այս շրջապտույտի մեջ: Հասարակական ներդաշնակության խախտման հիմնական պատճառը համարել է աղանդավորական շարժումները և իշխող դասերի ագահությունը: Ըստ նրա՝ միապետը կամ իշխանը իրավունք չունի և չի կարող լուծել համաժողովրդական նշանակության հարցեր՝ առանց ժողովրդի մեծամասնության ընդհանուր համաձայնության:
Տաթևացին նաև մանրանկարիչ էր ու երաժիշտ: Պահպանվել է 1297 թ-ին գրված մի Ավետարան (Մատենադարան, ձեռագիր դ 7482), որը 1378 թ-ին նկարազարդել է Տաթևացին: Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Մեծ պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 418 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: