Նիկոլ Աղբալյանը հասարակական, քաղաքական գործիչ էր, գրականագետ, մանկավարժ, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ղեկավարներից, 1919–20 թթ-ին` Հայաստանի առաջին հանրապետության լուսավորության և արվեստի նախարարը:
Նիկոլ Աղբալյանն ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն ու Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սովորել Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարաններում: Եղել է ուսուցիչ Կաղզվանում, Ագուլիսում, Շուշիում ու Թիֆլիսում, իսկ Թավրիզում՝ Ազգային վարժարանի տնօրեն: 1913 թ-ին Թիֆլիսում հրատարակել է «Նոր հոսանք» հանդեսը, խմբագրել «Հորիզոն» թերթը, եղել է «Վերնատուն» գրական խմբակի և Հայ գրողների միության անդամ: 1890-ական թվականներից «Մուրճ» պարբերականում տպագրել է գրական-քննադատական հոդվածներ: Աղբալյանը հետևել է ռուս հեղափոխական ժողովրդավարների գեղագիտությանը. այդ դիրքերից էլ արծարծել է հայ և ռուս գրականությունների, հայոց լեզվի զանազան խնդիրներ («Բանասերի հուշագիրք», 1937– 1938 թթ., «Գրական-քննադատական երկեր», 1959 թ., «Ամբողջական երկեր», 4 հատորով, 1959–70 թթ.): 1914 թ-ին եղել է Ազգային բյուրոյի և հայ կամավորական գնդերի կարգադրիչ մարմնի անդամ, զբաղվել է հայ գաղթականների հարցերով: Նա չի ոգևորվել 1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությամբ: Համոզված էր, որ հայ ժողովուրդը պետք է ապավինի միայն սեփական ուժերին և հույսեր չկապի Ռուսաստանի հետ: 1918 թ-ին, Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, Աղբալյանն ընտրվել է խորհրդարանի անդամ: Նրա անմիջական ջանքերով 1919 թ-ին հիմնադրվել է Երևանի պետական համալսարանը: 1921 թ-ի փետրվարի 9-ին բանտարկվել է, ազատվել է Փետրվարյան հակախորհրդային ապստամբության պարտությունից հետո (1921 թ-ի ապրիլին) և տարագրվել: 1930 թ-ից ապրել է Բեյրութում. եղել է Նշան Փալանջյան ճեմարանի տնօրենը: Արժեքավոր է Աղբալյանի գրականագիտական «Պատմություն հայոց գրականության» (1947 թ.) աշխատությունը: «Սայաթ-Նովայի հետ» (1966 թ.) ուսումնասիրության մեջ անդրադարձել է Սայաթ-Նովայի կյանքի նորահայտ էջերին, համակողմանիորեն վերլուծել նրա ստեղծագործությունը: Աղբալյանը գրել է նաև աշխատություններ` նվիրված քաղաքականությանը, դաշնակցական կուսակցությանը («Մտածումներ Հ. Յ. Դաշնակցության մասին», 1929–30 թթ., «Մեր կանոնագիրը», 1937 թ., «Կրկին մեր կանոնագիրը», 1937 թ.): Մի շարք հոդվածներում լուսաբանել է Հայկական հարցը: 1991 թ-ից Երևանում գործում է ՀՀԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: Աղբալյանի անունով են կոչվել դպրոց Երևանում, ՀՀԴ ակումբներ՝ Հայաստանում և արտերկրում:
|