ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Աղաջանյանն ազգային ռեալիստական նկարչությունն ու դիմանկարչությունը հասցրել է զարգացման նոր աստիճանի: Նրա մանկական դիմանկարները նշանակալի երևույթ են հայ կերպարվեստում:
Ստեփան Աղաջանյանը 1872–84 թթ-ին սովորել է Շուշիի թեմական դպրոցում, ռուսական ռեալական ուսումնարանում, 1886–90 թթ-ին՝ Մարսելի նկարչական ստուդիայում, 1897– 1900 թթ-ին՝ Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում: Դեռևս վաղ շրջանի գործերում նկարիչը դրսևորել է բնորդի ներաշխարհը ճշմարտացի բացահայտելու բացառիկ կարողություն («Բրետանուհին», «Ակադեմիական էտյուդ»): 1900 թ-ին Աղաջանյանը Շուշիում ստեղծել է հոր և մոր դիմանկարները: 1902–04 թթ-ին աշխատել է Բաքվում, ապա տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ մինչև 1921 թ. ստեղծագործել և նկարչություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում ու պետական նկարչական ստուդիայում: Այդ շրջանի նրա լավագույն գործերից են՝ «Նկարչի քրոջ աղջիկը», «Մարուսյան», «Ս. Ե. Էքմեքչյանի դիմանկարը», «Ինքնանկար», «Մտորումներ», «Տիկին Խաչատրյանիդիմանկարը», «Երեխայի գլուխը», «Գլխարկով տղան», «Տղայի դիմանկարը»: Նկարիչն ստեղծել է նաև բազմաթիվ բնանկարներ («Տեսարան Ղարաբաղից», «Կտուրներ: Դոնի Նախիջևան» և այլն): 1921 թ-ին Աղաջանյանը տեղափոխվել է Երևան: 1922–29 թթ-ին դասավանդել է գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (այժմ՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): Հոգեբան նկարիչը, մարդու կերպարը դիտելով որպես մարմնավոր ու հոգևոր նկարագրի միասնություն, առավել լուսավոր ու թափանցիկ հնչերանգով և իրատեսորեն է պատկերել նրան: Աղաջանյանի լավագույն գործերից «Նկարչի կինը», «Վասիլը», «Նկարչի քույրը», «Գրող Էմին Տեր-Գրիգորյանը», «Ղարաբաղցի կինը», «Կոմպոզիտոր Ա. Տեր-Ղևոնդյանը», «Կարմիր բանակայինը», «Դերասանուհի Ե. Վ. Բարոնկինայի դիմանկարը», «Բլանշը» և այլ դիմանկարներ իրենց ուրույն տեղն ունեն հայկական կերպարվեստի պատմության մեջ:
|